ՀայEng

Հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

2019թ.-ի փետրվարի 7-ին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, տեղի ունեցավ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի և ծրագրի համակարգող Հուսիկ Մարտիրոսյանի հանդիպումը նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանի, նախարարի տեղակալ Արման Ուդումյանի և ԱՍՀՆ Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը ՀԿ-ի կողմից նոր մեկնարկած «Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրին առընչվող հարցերի քննարկումն էր։

 

 

«Բազմաշահագրգիռ սոցիալական պաշտպանություն» ծրագրի նպատակն է՝ նպաստել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում      գտնվող երեխաների և ընտանիքների  սոցիալական խնդիրների վերհանման և դրանց  լուծմանն ուղված մեխանիզմների բարելավմանը, մշակելով բարելավման առաջարկություններ: Ծրագրի իրականացման աշխարհագրությունն է ՀՀ Լոռու (Ալավերդի),  Տավուշի (Դիլիջան), Գեղարքունիքի (Սևան) և Կոտայքի  (Հրազդան) մարզերը։ Ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավարությամբ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

Նախարարությունում ծավալված քննարկման ընթացքում երկուստեք կարևորվեց սոցիալական աջակցության ոլորտում տարվող բարեփոխումներին քաղհասարակության կառույցների մասնակցությունը, պետական և ոչ պետական սեկտորների համագործակցությունը, և մասնավորապես այս ծրագրի շրջանակներում՝ մի կողմից ՀՀԱԿ ՀԿ-ի և մյուս կողմից նախարարության և վերջինիս տարածքային ներկայացուցչական մարմինների միջև համագործակցությունը, այդ համագործակցությանը վերաբերող հուշագրի կետերը, կնքման ժամկետները և ակնկալվող արդյունքները։ Ծրագրի ավարտին պատասխանատուները նախարարությանը կներկայացնեն առաջարկությունների փաթեթ՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքների դեպքերին արձագանքման, դեպքի վարման, Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, Տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական աջակցության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերիհամագործակցության մեխանիզմների բարելավմանը։

որոնում