Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար Լոռու մարզում

Հունիսի 14-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում տեղի ունեցավ «Լիարժեք Սերունդ» ծրագրի շնորհանդեսը, որի նպատակն է նպաստել ՀՀ Լոռու մարզում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մակարդակի նվազեցմանը և բարձրացնել երիտասարդների, երիտասարդ ծնողների իրազեկվածության մակարդակը՝ խնդրի հետևանքների վերաբերյալ:

«Լիարժեք Սերունդ» ծրագրի շնորհանդեսին ներկա էին շահառու համայնքների առողջապահական ոլորտի, կրթական ոլորտի, սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչներ, հոգեբաններ, ակտիվիստներ և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը: Հանդիպման ընթացքում մասնակիցների միջև ծավալվեց երկխոսություն` խնդրի արդիականության և դրա լուծման ուղիների վերաբերյալ:

«Լիարժեք Սերունդ» ծրագիրը իրականացվում է CCMS-ի կողմից , Հայաստանում իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում , որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» (ՄԶՄԿ) « Սեյվ դը Չիլդրեն» , «Արմավիրի զարգացման կենտրոն» (ԱԶԿ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» (ՄԿՀԽ) հասարակական կազմակերպությունների կողմից:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում երեխայի սեռի կանխակալ  ընտրության մակարդակի նվազեցմանը։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հասնել երեխայի սեռի կանխակալ ընտրության խնդրի վերաբերյալ հայաստանցիների գիտելիքների, վերաբերմունքի և ընկալումների փոփոխությանը , ինչպես նաև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կրճատմանը: