Ամառային Էկո-դպրոցի մեկնարկ

2019 թվականի հուլիսի 9-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց

Ամառային ԷԿՈ-Դպրոցը, որին մասնակցեցին Ալավերդի, Ախթալա և Շնող խոշորացված համայնքների ակտիվ բնակիչները։ Այն իրականացվում է «Ակտիվ քաղաքացիները շրջակա միջավայրի պահպանման և զարգացման գրավական» ծրագրի շրջանակներում (ծրագրի համակարգող՝ Մարիամ Վարդևանյան)՝ Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության ֆինանսական օժանդակությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ԷԿՈ-Դպրոցի նպատակներն ու անելիքները, մասնակիցների կողմից մշակվեց կարգապահական կանոններ, ներկայացվեցին ակնկալիքներ, լրացվեցին գիտելիքների նախնական գնահատման հարցաթերթեր, որից հետո անցկացվեց «Շրջակա միջավայրը և նրա պահպանության կարևորությունը» թեմայով դասընթաց։ Դասընթացը վարեց բնապահպանական ոլորտի փորձագետ Անուշ Էվոյանը, ով հանդիպումը եզրափակեց խաղ-վիկտորինայով։ 

ԷԿՈ-Դպրոցի շրջանակներում հաջորդ դասընթացը տեղի կունենա հուլիսի 11-ին, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ում։