arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

10/ապրիլ/2022 Առաջարկություններ Տեղական ինքնակառավարման մարմիններին հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում և բնակավայրերում շրջակա միջավայրի առողջացման և մարդու առողջության վրա քիմիական աղտոտվածության ազդեցության մեղմացման ուղղությամբ

ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Ալավերդի, Շնող, Ախթալա, Թեղուտ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Շամլուղ, Աքորի, Հագվի, Մղարթ, Կաճաճկուտ բնակավայրերի բնակիչների ընդհանուր ֆիզիկական, առողջական և բարոյահոգեբանական վիճակի և կարիքների ուսումնասիրության արդյունքում կազմվել է առաջարկությունների փաթեթ ուղղված տեղական ինքակառավարման մարմիններին՝ հանքարդյունաբերական ազդակիր համայնքների բնակիչների առողջության պահպանման, հիվանդությունների ռիսկերի կանխարգելման ու հետևանքների վերացման, օրենսդրական բարեփոխումներին նպաստելու վերաբերյալ։

Ուսումնասիրության արդյունքում հարցվածների շրջանում որպես հիվանդությունների առաջացման հնարավոր պատճառներ նշվել են այնպիսիք, որոնց մի մասը կապված են շրջակա միջավայրի աղտոտման հետ։ Հարցվածների մի մասը ունեն ցածր իրազեկվածություն և գիտելիքներ շրջակա միջավայրի աղտոտվածության առողջության վրա հնարավոր ռիսկերի մասին, ինչպես նաև կան մարդիկ, ովքեր կաշկանդված են հիվանդությունների պատճառները կապել նաև բնապահպանական բաղադրիչի հետ՝ ունենալով անհատական մտավախություններ, որ դրանով կվնասեն իրենց կամ հանքարդյունաբերությանը՝ ունենալով սոցիալական կախվածություն հանքարդյունաբերական ոլորտից։ Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ մեծ անելիքներ ունեն Տեղական ինքնակառավարման մարմինները, որպեսզի մեղմեն առողջապահական ռիսկերը, իրականացնեն առողջապահական ռիսկեր պարունակող խնդիրների լուծման ուղղությամբ կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված գործունեություն տեղական մակարդակում և այդ ուղղությամբ համապատասխան պետական քաղաքականություն ներդնելու համար ներկայացնեն առկա կարիքներն ու խնդիրները ազգային մակարդակում։

Սույն առաջարկությունների փաթեթը կազմվել է «Առնիկա» չեխական կազմակերպության, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական և «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ների կողմից 2018-2021 թվականներին ՀՀ Լոռու մարզի Շնող, Ախթալա, Ալավերդի, Օձուն, Ստեփանավան խոշորացված համայնքների հանքարդյունաբերության, քիմիական աղտոտվածության բնակավայրերում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության ազդեցության ուսումնասիրության շրջանակներում իրականացված օրգանական և բիոլոգիական նմուշառումների փորձաքննությունների արդյունքների, համայնքի բնակիչների հետ շարունակական քննարկումների արդյունքների և 2021 թվականին ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Շնող, Ալավերդի, Օձուն խոշորացված համայնքներում իրականացված տեղաբնակների առողջական վիճակի հետազոտության արդյունքներից բխող կարիքներից ու առաջնահերթություններից:

Ստորև ներկայացնում ենք Առաջարկություններ Տեղական ինքնակառավարման մարմիններին հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում և բնակավայրերում շրջակա միջավայրի առողջացման և մարդու առողջության վրա քիմիական աղտոտվածության ազդեցության մեղմացման ուղղությամբ։

1․ Վերանայել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը, ուժեղացնել համայնքների սոցիալական, էկոլոգիական և առողջապահական քաղաքականությունները ուղենշող բաժինները՝ համալրելով այն համայնքի սոցիալ-էկոլոգիական միջավայրը բարելավող և մարդկանց առողջական ռիսկերը կանխարգելող միջոցառումներով։

Վերանայման համար պետք է համայնքներում իրականացնել հարցումներ և ֆոկուս-խմբային քննարկումներ՝ ոլորտային փորձագետների ներգրավմամբ։

2․ Խորհրդակցել առողջապահական և փորձագիտական հավատարմագրված ինստիտուտների հետ՝ մշակելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների և ազդակիր համայնքների դպրոցների համար հատուկ սննդակարգ՝ բարձրացնելու համար երեխաների օրգանիզմի դիմակայությունը ծանր մետաղների հավանական բացասական ազդեցությունները մեղմելու համար։

3․ Իրականացնել մանկապարտեզամերձ և դպրոցամերձ տարածքներում, հանրային խաղահրապարակների մերձակայքում գտնվող թափոնակույտերի ունիտիլիզացում և հողի վերին շերտի փոխարինում մաքուր տարածքներից բերված սևահողով՝ իրականացնելով նրանց վրա համապատասխան կանաչեցման միջոցառումներ։

4․ Ստեղծել բազմաշահագրգիռ, միջգերատեսչական աշխատանքային խմբեր՝ կազմված տեղական և պետական կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներից, փորձագետներից և մշակել համայնքի թափոնակույտերի ունիտիլիզացման և ռեկուլտիվացման պլաններ, կազմել աշխատանքների նախահաշիվ, ներկայացնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն։

5․ ՏԻՄ-ին կից ստեղծել բազմաշահագրգիռ աշխատանքային խումբ, որը կզբաղվի թափոնակույտերի մաքրման, պոչամբարների ռեկուլտիվացման համար ֆոնդահայթայթման աշխատանքներով տեղական և միջազգային դոնորների շրջանակներում։

6. Տեղադրել փշալարեր և «Վտանգավոր Գոտի» գրառմամբ պաստառներ համայնքի բոլոր այն տարածքներում , որտեղ առկա են թափոնակույտեր և պոչամբարներ՝ կա՛մ համայնքային բյուջեի միջոցներով, կա՛մ համագործակցելով լեռնահանքարդյունաբերական ընկերությունների հետ՝ նրանց կողմից իրականացվող ֆինանսավորմամբ։

7․ Արդյունաբերական թափոնների անարդյունավետ պահպանման համար պահանջել, որպեսզի արդյունաբերական ընկերությունը կրի պատասխանատվություն և փորձագետների և բազմաշահառու աշխատանքային խմբի մասնակցությամբ նոր ծրագիր մշակի դեպի շրջակա միջավայր արտահոսքերը նվազեցնելու համար:

8․ Համայնքի բնակավայրերում իրականացնել բուժկետերի և բուժհաստատությունների՝ տեխնիկական կարողությունների և հագեցվածության, շենքային պայմանների դիտարկում, կազմել անհրաժեշտ նյութերի ցանկ, համայնքային բյուջեում և արտաբյուջեում գումար սահմանել շենքային պայմանների բարելավման և ժամանակակից նյութերով համալրման համար։

9․ Տեղական ինքնակառավարման մարմինների անունից դիմել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ համայնքի հանքարդյունաբերության ազդակիր բնակավայրերում իրականացնել մարդկանց առողջության գնահատում՝ առաջնայնությունը տալով երեխաների առողջության գնահատմանը։

10․ Դիմել ՀՀ Կառավարություն ազդակիր համայնքների առողջապահական հաստատություններին հատուկ կարգավիճակի շնորհման համար, հագեցնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և մասնագետներով, ինչը թույլ կտա իրականացնել համայնքի բնակիչների առողջության խորքային հետազոտություններ՝ կոնցերոգեն ու ոչ կոնցերոգեն հիվանդությունների կանխարգելման և լիարժեք բուժման նպատակով, հզորացնել ազդակիր համայնքների մանկաբուժության ոլորտը։

11․ Իրականացնել համայնքների սոցիալ-էկոլոգիական իրավիճակի գնահատում, ստացված տվյալներով մշակել համայնքների այլընտրանքային զարգացման ծրագրեր՝ հստակեցնելով համայնքի այլընտրանքային զարգացման ուղղությունները, մատնանշելով ֆինանսական միջոցների ներգրավման հստակ և հավանական աղբյուրները։

12․ Առաջարկել հանքարդյունահանող ընկերություններին համայնքների նկատմամբ սոցիալկորպորատիվ պատասխանատվության շրջանակներում ներդրումներ իրականացնել համայնքների այլընտրանքային զարգացման ուղղությամբ, մասնավորապես զբոսաշրջության, արդի գյուղատնտեսության, կանաչ տնտեսությունների և փոքր և թեթև արդյունաբերության ոլորտներում։

13․ Համայնքային բյուջեի և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ համայնքի ազդակիր բնակավայրերում իրականացնել իրազեկման դասընթացներ, սեմինարներ, հանդիպումներ, տպագրել և տարածել գրականություն համայնքների քիմիական աղտոտվածության վտանգների և այդ վտանգներից հնարավորինս խուսափելու համար, քաղաքացու կողմից անհրաժեշտ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

14․ Համայնքների գյուղատնտեսական մթերքների էկոլոգիապես մաքուր արտադրության ապահովման, եվրոպական երկրներ արտահանելու և առողջապահական ռիսկերի կանխարգելման նպատակով աջակցել համայնքներում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը՝ ապահովելով ոչ աղտոտված ջրերով ոռոգման համակարգեր։

15․ Ազդակիր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ Դեբեդ գետի և նրա վտակների ոռոգման համակարգի աղտոտվածության մակարդակը իջեցնելու համար մշակել «Դեբեդ գետի և նրա վտակների ավազանում գտնվող աղտոտման աղբյուրների և թափոնակույտերի ուտիլիզացման և կոնսերվացման» պլան՝ ֆինանսական միջոցների հայթայթման պարագայում այն քայլ առ քայլ իրականացնելու համար։

16․ Մասնագիտացված հաստատությունների ներգրավմամբ մշակել համայնքներում առողջ սննդակարգի վերաբերյալ ցուցիչներ և շրջանառել համայնքի բնակիչների շրջանում։

17․ Համայնքի բնակիչների համար կազմակերպել առողջ ապրելակերպի դասընթացներ։

18․ Համայնքի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունների շրջանակներում կազմակերպել համայնքների բնակիչների հետ հանրային քննարկումներ հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար նրանց ընկերությունների կողմից շրջակա միջավայրում հայտնված թափոնների կառավարման և ռեկուլտիվացման հարցերը, առաջարկելով վերջիններին կազմել և ներկայացնել համայնքներին թափոնակույտերի ռեկուկտիվացմանն ուղղված միջոցառումների պլան և ժամանակացույց։

19․ Համայնքում ստեղծել մոնիտորինգային խմբեր բաղկացած ՏԻՄ, համայնքի բնակիչ և քաղաքացիական հասարակության անդամներից և իրականացնել պարբերական մշտադիտարկումներ համայնքում առկա էկոլոգիական խնդիրների, աղտոտման աղբյուրների, արդյունահանման գործընթացի վերաբերյալֈ Կազմել մշտադիտարկման զեկույցներ և առկա իրավիճակը ներկայացնել հանրությանը, ՏԻՄ ֆեյսբուքյան էջերով, կայքերով, խախտումներ հայտնաբերելու դեպքում ներկայացնել դրանք համապատասխան մարմիններին։

20․ Համայնքի պաշտոնական կայքերում հղում տալ չեխական «Առնիկա», հայկական «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների կողմից ստեղծված ինտերակտիվ օնլայն քարտեզին, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի համայքների աղտոտված կետերի, այդ կետերում առկա ծանր մետաղների կոնցետրացիաների և մարդկանց առողջության համար առկա ռիսկերի մասին։

21․ Համայնքներում գնահատել հանքարդյունաբերության հետևանքով սոցիալական, բնապահպանական և առողջապահական վնասներ կրած բնակիչների վնասները, կազմել համապատասխան ակտեր, որոնք կարող են հիմք հանդիսանալ տուժած քաղաքացիների սեփական իրավունքների պաշտպանության համար տեղական, պետական մարմիններում և դատաիրավական համակարգի շրջանակներում։

22․ Հանքարդյունաբերության ազդակիր համայնքների երեխաների համար կազմակերպել ամառային հանգիստ էկոլոգիապես մաքուր տարածքներում երիտասարդական ճամբարների տեսքով, որոնք կուղեկցվեն առողջ սննդակարգով և հանգիստ միջավայրում կրթական և իրազեկման ծրագրերով։

23․ Համայնքի առողջական խնդիրներ ունեցող բնակիչներին (մասնավորապես չարորակ, սիրտ-անոթային և այն հիվանդությունները, որոնք կարող են ի հայտ գալ բնապահպանական ռիսկերի արդյունքում) պարբերաբար տրամադրել ուղեգրեր դեպի առողջարաններ։

24․ Համայնքի բնակավայրերում պարբերաբար իրականացնել հանդիպումներ՝ համայնքի բնակիչներից շրջակա միջավայրի խնդիրներին և իրենց առողջությանը վերաբերող բողոքներ ու գանգատներ հավաքագրելու նպատակով։

25․ Համայնքին տրվող պետական բնապահպանական սուբվենցիաների գումարները ուղղել բացարձակապես հանքարդյունաբերական ազդեցությամբ առաջացած բնապահպանական և առողջապահական խնդիրների լուծման, դրանց հետևանքների վերացման և ռիսկերի կանխարգելման ուղղությամբ։

26․ Վերանայել հանքարդյունաբերության հետևանքով փաստացի տուժող բնակավայրերի ցանկերը և դիմել ՀՀ Կառավարություն՝ հանքարդյունաբերությունից տուժող, սակայն ազդակիր բնակավայրի կարգավիճակ չունեցող բնակավայրերը ազդակիր ճանաչելու առաջարկությամբ։

27․ Ոլորտային փորձագետների ներգրավմամբ ֆինանսապես հաշվարկել հանքարդյունաբերության բացասական ազդեցությունից համայնքին պատճառված սոցիալական, բնապահպանական և առողջապահական վնասներըֈ Արդյունքները ներկայացնել ՀՀ Կառավարություն։

28․ Իրականացնել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից շրջակա միջավայրի աղտոտման արդյունքում տուժած քաղաքացիների բողոքները և գանգատները լսելու և դրանց ընթացք տալու համար ընդունելություն՝ սահմանելով դրա համար ամիսը առնվազն երկու օր։

 

Սույն ուսումնասիրությունը իրականացվել է «Թումանյանի տարածաշրջանում աղտոտվածության վերաբերյալ իրազեկման մակարդակի բարձրացում» ծրագրի շրջանակներում ՝ չեխական «Առնիկա» կազմակերպության կողմից՝ հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ Վերափոխումների խթանման ծրագրի շրջանակներում: