arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կոչը

18/հունիս/2021 Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության կոալիցիայի կոչը ընտրություներին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում և դրան նախորդող ժամանակաշրջանում ատելության խոսքը, խտրականության ու բռնության կոչերը հասել են աննախադեպ մակարդակի։ Քաղաքական տարբեր ուժերի ելույթներում պիտակավորվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, հնչում սպառնալիքներ, մինչև անգամ սեռական բնույթի հայհոյանքներ։

Փոխադարձ ատելության խոսքն ու բռնության կոչերը հնչում են թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների, անդամների ու համակիրների կողմից։

Օրինակ․ Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 8-րդ օրը՝ հունիսի 14-ին, քաղաքացիների հետ հանդիպմանը ներկայացել է մուրճով և հայտարարել, որ «թավշյա մանդատը փոխարինելու են պողպատով և այնտեղ, որտեղ պետք է մխել՝ կմխեն»։

https://www.civilnet.am/news/620597/%D5%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B3%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B2%D5%AB%E2%80%A4-%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE%D5%AB-8-%D6%80%D5%A4-%D6%85%D6%80%D5%A8/?fbclid=IwAR2-c6cpvgYfm4-K0nU8r6DpYsSgsmoHmrHfqZMDPvhMjm5vAsBU91fbrbg

Նույն օրը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի ելույթի, վերջինիս անվանել է «էն բանը», «չարիք», որին «պետք է նետել պատմության աղբանոցը»։

Այնուհետև Լոռու մարզում քաղաքացիների հետ հանդիպմանը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը շարունակել է քննարկել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կողմից շահարկման առարկա դարձված Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջության թեման՝ պնդելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հոգեպես առողջ չէ։

Այս երեք իրադարձությունը և մեկ օրը տրամաբանական շարունակությունն են քարոզարշավի նախորդ օրերի ու դրանից առաջ սկսված և արդեն 8-րդ օրը օրինաչափություն դարձած փոխադարձ մեղադրանքների, ատելության խոսքի, ծաղրի։ Հունիսի 14-ը վառ ցույց է տալիս, թե ինչ մթնոլորտում է անցնում արտահերթ ընտրությունների քարոզարշավը և մտահոգության տեղիք է տալիս հաջորդ օրերին, բուն ընտրության օրվա ընթացքում և դրան հաջորդող շրջանում անվտանգության մասին։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը դեռևս մինչև քարոզարշավի մեկնարկը սպառնում էր, թե «մաշեցնելու ենք մինչև քոքը»։

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ փոխել են համապետական հավաքի օրը հունիսի 18-ից՝ հունիսի 17-ին և նշել, որ․

«Ընդ որում սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որը ջախջախիչ պարտություն է կրելու, ուզում է ոստիկանության դուբինկաների տակ ընկել, որպեսզի հետո ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի: Այս հաշվարկը հաշվի առնելով` նրանց հետ այդ հնարավորությունը չենք տալու, իսկ հունիսի 18-ին ես խոսակցություն կունենամ ժողովրդի հետ»:

Ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակը պայթյունավտանգ է, բռնության ու ատելության դրսևորումները դարձել են տարածված, անգամ երեխաների շրջանում ու բակերում։

Վերջին թարմ օրինակ է իրավապաշտպան, Հավասարության կոալիցիայի անդամ Նարե Հովհաննիսյանի ահազանգը, ըստ որի «Հայաստան» դաշինքի Երևանի Աջափնյակ համայնքի շտաբի հարևանությամբ գտնվող տղամարդու կողմից իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է սեռական բնույթի հայհոյանքով և ունեցել քաղաքական ենթատեքստ։ https://www.facebook.com/nare.hovhannisyan.83/posts/4226482857404331

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, մասնավորապես՝ «Հայաստան» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ ատելության խոսքից ու բռնության կոչերից, չէսկալացնել իրենց համակիրների միջև առկա կոնֆլիկտները և շարունակել քարոզարշավը կառուցողական բանավեճի մթնոլորտում։

Ակնկալում ենք հարգալից վերաբերմունք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ` անկախ նրա քաղաքական հայացքներից, ընտրությունների հետ կապված դիրքորոշումներից, տարիքից, սեռից և այլ հատկանիշներից։ Հորդորում ենք դրսևորել առավելագույն զսպվածություն, չոտնահարել մարդու իրավունքները և արժանապատվությունը, ապահովել քաղաքակիրթ մրցապայքար։

Կոալիցիայի անդամ կազմակերպություններից բացի, կոչին միացել են նաև գործընկեր կազմակերպություններ՝

Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ,

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ,

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ,

Բաց հասարակության հիմնադրամներ հայաստանյան գրասենյակը։