arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

Նորություններ

06/ապրիլ/2020 ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում հանրային պահանջի արշավ

ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում հանրային պահանջի արշավը ի պաշտպանություն ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում բնակվող Դանիելյանների ընտանիքին փոխհատուցում տրամադրելու պահանջով տվեց իր արդյունքը։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն և «SOS Մեծ Այրում» շարժման անդամները , 2020 թվականի փետրվարի 25-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում իրականացրեցին հանրային պահանջի արշավը՝ ի պաշտպանություն ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում բնակվող Դանիելյանների ընտանիքին փոխհատուցում տրամադրելու պահանջով ։
Արշավին միացել էին ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքներից բնակիչներ, բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մեծ Այրում գյուղի շրջակա միջավայրից տուժած բնակիչներ։ Ներկա էին նաև « Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ ներկայացուցիչները՝ ի դեմս ընկերության արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանի։
Ակցիան բացեց « Համայքնային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, ով ներկայացրեց հանրային պահանջի արշավի նպատակը, այն է. օգնել Հարություն Դանիելյանին ստանալ փոխհատուցում՝ «Նահատակի» ազդեցությունից ստացված վնասների դիմաց ։ Դանիելյանները 2013 թվականից շարունակաբար բողոքում են առողջական խնդիրներից, և 2019 թվականին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և չեխական «ԱՐՆԻԿԱ» քիմիական հետազոտության կենտրոնի իրականացրած ուսումնասիրությունները, այդ թվում Դանիելյանների հողամասից վերցրած փորձանմուշները եկան ապացուցելու, որ այդ տարածքի աղտոտվածությունը պարունակում է ռիսկեր կոնցերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների առաջացման համար։
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ Դանիելյանները ունեն երեք հիմնական պահանջ ,
1. Ստանալ փոխհատուցում բնակության և մշակման նպատակով ոչ պիտանի դարձած բնակարանի և տնամերձ հողամասի դիմաց, որպեսզի կարողանան այլ վայրում գնել բնակարան և տեղափոխվել աղտոտված տարածքից։
2. Անցկացնել ընտանիքի անդամների առողջության գնահատում և խորքային բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը։
3. Ստանալ փոխհատուցում առողջությանը պատճառված վնասների համար։
Դանիելյանների ներկայացուցիչ Հարություն Դանիելյանը նշեց, որ «ԱԽԹԱԼԱ ԼՀԿ» ՓԲԸ-ը երկխոսություն է իրականացրել իր հետ և այս պահի դրությամբ պատրաստ է փոխհատուցել բնակարանի համար, որպեսզի ինքը նույն գյուղում կարողանա տեղափոխվել այլ բնակարան, որը գտնվում է պոչամբարից համեմատաբար հեռու տարածքում։
«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ- ը ներկայացուցիչ Գագիկ Շահնազարյանը լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում հաստատեց այդ տեղեկությունը։
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը նշեց, որ Մեծ Այրումի պոչամբարը արդեն պետք է վաղուց ռեկուլտիվացված լիներ, և այն օր առաջ պետք է ռեկուլտիվացնել և գտնել պոչերի մշակման նորարար տարբերակներ։
Հայկական բնապահպանական Ճակատի անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը նշեց, որ տարիներ շարունակ տարբեր կազմակերպություններ , այդ թվում Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ԱՐՆԻԿԱ չեխական կազմակերպությունը իրականացրել են ուսումնասիրություններ, որոնք փաստում են այս տարածաշրջանում շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա, և խնդիրը շուտափույթ համակարգային լուծում պետք է ստանա, իսկ գյուղացիները պետք է համախմբված լինեն։
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Այվազյանը հայտարարեց, որ ինքը հետևողական է լինելու թե « Նահատակ» պոչամբարի խնդրի, և թե թափոնների կառավարման համակարգային խնդիրների լուծման առումով։
«Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Հայկ Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ քաղաքացիները պետք է համախմբված լինեն և պայքարեն սեփական իրավունքների պաշտպանության համար։
Ելույթ ունեցան Մեծ Այրում, Ճոճկան գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր նշեցին, որ եթե պոչամբարի խնդիրը շութափույթ չլուծվի, ապա իրենք կիրականացնեն այլընտրանքային միջոցառումներ՝ գիտակցելով պոչամբարի վնասակարության աստիճանը։
« Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ողջունեց «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ը պատրաստակամությունը Դանիելյաների բնակարանային փոխհատուցման պահանջին ընդառաջ գնալու համար՝ միևնույն ժամանակ նշելով, որ այդ և այլ ընտանիքների առաջ ծառացած են մնում առողջապահական խնդիրները և շարունակվելու են հետազոտությունները, ինչպես նաև աջակցելու են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի բնակիչներին պաշտպանել սեփական իրավունքները, այդ թվում դատարաններում՝ ընդգծելով պետության՝ մասնավորապես նախկին իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված աղետալի իրավիճակի համար։
Հիշեցնենք, որ
2018-2019 թվականներին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «ԱՐՆԻԿԱ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվել են հետազոտություններ, որոնք հիմնավորում են Մեծ Այրումում , Ախթալա համայնքի և Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերական աղտոտիչների առկայությունը և դրանց տարածումը հողերում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում։
Նմուշառումներ են վերցվել նաև Դանիելյանների տնամերձ հողամասից և ընտանիքի անդամներից։ Վերցված հողի, միրգ-բանջարեղենի նմուշառումները ցույց են տվել տարածաշրջանում ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներ, որոնք գերազանցում են ազգային և միջազգային ստանդարտները բազմաթիվ անգամներ, մասնավորապես մեծ է մկնդեղի, կադմիումի և պղնձի քանակները։
Ըստ չեխ բժիշկների՝ նմուշառման բոլոր կետերում, այդ թվում Դանիելյանների հողատարածքում իրականացված նմուշառումները ցույց են տալիս այդ տարածքներում կոնցեգերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր։

Արշավը ուղիղ հեռարձակվել է « Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ֆեյսբուքյան էջով, հետևյալ հղմամբ:


https://www.facebook.com/armccms.org/videos/201426434397953/