arm

en

+374 94 93 50 53

+374 98 93 50 53

մուտք

չբռնեց, կրկին փորձել

Վերականգնել գաղտնագիրը

մուտք

հետ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կոչը

17/օգոստոս/2020 Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Բելառուսում կեղծված ընտրությունների և հետընտրական բռնությունների վերաբերյալ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական կեղծված ընտրություններով և հետընտրական զարգացումներով, որոնք ուղեկցվում են բռնություններով: Մենք դատապարտում ենք 2020թ․ օգոստոսի 9-ից իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական միջոցների օգտագործումը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները:  

Նախագահական ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար անհավասար պայմաններում: Անցած մի քանի ամիսների ընթացքում Բելառուսի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով համակարգված ճնշել է ժողովրդավարական ընդդիմությանը: Ըստ անկախ դիտորդների և բելառուսական քաղաքացիական հասարակության՝ արձանագրվել են ընտրական իրավունքի զանգվածային խախտումներ, այդ թվում՝ ընտրական գործընթացի ժամանակ ընտրատեղամասերում համատարած կեղծիքներ, որոնք հսկայական ազդեցություն են ունեցել ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա: Բելառուսական ընդդիմության իրականացրած հարցումները (էգզիթ-փոլերը) և ձայների այլընտրանքային հաշվարկը ցույց են տալիս թվերի հսկայական անհամապատասխանություններ:  

2020թ․ օգոստոսի 9-ին և 10-ին՝ քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո, Բելառուսի ժողովուրդը հավաքվեց՝ իրացնելու իր՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը: Մենք համոզված ենք, որ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում խաղաղ ցույցերի բռնի ցրումը իրավապահ մարմինների կողմից անօրինական էր և անհամաչափ: Մենք անհանգստացած ենք այն տեղեկությամբ, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել լուսաձայնային նռնակներից և ռետինե փամփուշտներից, ինչպես նաև բերման են ենթարկվել և ձերբակալվել բազմաթիվ անձինք: Կցանկանայինք շեշտել, որ ինտերնետի զանգվածային խափանումը լրջորեն խոչընդոտել է անկախ լրատվամիջոցների լուսաբանմանը և խախտել մարդկանց՝ խոսքի ազատության իրավունքը, ներառյալ՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը:

Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի քաջ ժողովրդին՝ հանուն արժանապատվության, ժողովրդավարության և ազատության իրենց պայքարում:

Կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների դեմ բռնի գործողությունները, ազատել քաղաքական հիմքով բերման ենթարկված/ձերբակալված բոլոր անձանց և իրականացնել անկողմնակալ հետաքննություն ուժի ապօրինի և անհամաչափ կիրառման վերաբերյալ:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկել անհապաղ և արդյունավետ գործողություններ, որոնք կկանխեն Բելառուսում բռնությունների սցենարի հետագա սրացումը:

14 օգոստոսի, 2020